17:03 Ֆուրման Մելքոնյան. «Սևիլիայի» սանը, ում նպատակը Հայաստանի հավաքականում խաղալն է | |
Խոսե Անտոնիո Ռեյես, Սերխիո Ռամոս, Դանի Ալվեշ, Կրիստիան Պոուլսեն, Սեբաստիան Սկիլլաչչի…Այս և մի շարք այլ տաղանդավոր ֆուտբոլիստների կարիերայում իր մեծ դերակատարությունն է ունեցել իսպանական «Սևիլիա» ակումբը: «Սևիլիայի» Կանտերայի սան է նաև հայազգի Ֆուրման Մելքոնյանը: Allsport.am-ը զրուցել է 17-ամյա խոստումնալից պաշտպանի հետ: -Ֆուրմա’ն, հավանաբար, չէիր սպասում, որ հայկական սպորտային կայք կապ կհաստատի քեզ հետ: -Այո, չէի սպասում: Ինձ համար, անկեղծ ասած, սա անակնկալ էր: -Մեր ընթերցողների համար մի փոքր կպատմե՞ս, թե որքան ժամանակ է' Իսպանիայում ես ապրում: - Ծնվել եմ Գյումրիում, իսկ Հայաստանից տեղափոխվել ենք Իսպանիա 2002 թվականին: Հայրս նախքան այդ 2 տարի ապրել է Իսպանիայում, իսկ հետո ընտանիքով տեղափոխվեցինք: -Ինչպե՞ս քեզ մոտ առաջացավ սեր դեպի ֆուբոլը: -Ֆուտբոլով սկսեցի հետաքրքրվել, երբ «Սևիլիայի» մարզադաշտում դիտեցի «Բարսելոնայի» դեմ հանդիպումը: Այդ օրվանից ինձ մոտ մարզաձևի նկատմամբ մեծ սեր առաջացավ: -Իսկ ինչու՞ ընտրեցիր հենց «Սևիլիայի» մարզադպրոցը: -Ընկերոջս միջոցով 10 տարեկանում մասնակցեցի «Սևիլիայի» փորձնական խաղերին, լավ տպավորություն թողեցի այդ ժամանակ և ինձ ընդունեցին ակումբի ակադեմիա: -Եզրային պաշտպանի դիրքում ես հանդես գալիս: Ի սկզբանե է այդպես եղե՞լ, թե՞ այլ փորձարկումներ ևս եղել են: -Խաղացել եմ և' կիսապաշտպանությունում, և' հարձակման գծում, սակայն վերջնական դիրքս եզրային պաշտպանինն է: - Ֆուրմա’ն, Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականից մի քանի անգամ հրավերներ ստացել ես: Կպատմե՞ս ապրումներիդ մասին: -4 անգամ հրավեր եմ ստացել: Դրանցից երկուսը հավաքներ են եղել, իսկ մյուս երկուսը պաշտոնական հանդիպումներ Ղազախստանի և Սերբիայի դեմ: Բոլոր դեպքերում էլ շատ լավ տպավորություններ եմ ստացել և հիանալի զգացողություններ եմ ունեցել: -Երբ խաղում էիր Հայաստանի Մ-17 հավաքականում, Հայաստանի ֆուտբոլիստների և քո խաղային մոտեցումների մեջ ինչ-որ տարբերություններ նկատեցի՞ր: -Ահա, տարբերություններ կային: Մենք տարբեր ձև էինք գործում. Հայաստանում անհատական ֆուտբոլ ավելի շատ էին խաղում: -Եթե հետագայում հրավեր ստանաս և' Հայաստանի ազգային հավաքականից, և' Իսպանիայի գերհզոր ընտրանուց, ո՞րը կընտրես: -Իհարկե Հայաստանի ազգային հավաքականը: Ես հայ եմ: -Հայաստանից հեռու ես ապրում, բայց հայկական ֆուտբոլին, հավանաբար, հետևում ես: Հայ ֆուտբոլիստներին ծանո՞թ ես: -Իհարկե, Հայաստանի ֆուտբոլով շատ եմ հետաքրքրվում, սակայն հայ ֆուտբոլիստներին անձամբ ծանոթ չեմ: -Հենրիխ Մխիթարյան, Յուրա Մովսիսյան…անունները քեզ հայտնի են, չէ՞: Հավաքականի ելույթներին կանոնավո՞ր ես հետևում: -Իհարկե, հետևում եմ հավաքականի բոլոր հանդիպումներին: Միայն թե Հայաստանի ակումբային ֆուտբոլից շատ տեղեկացված չեմ: -Ի՞նչ կասես Դանիայի հետ վերջին հանդիպման մասին: -Իմ կարծիքով, այդ խաղն ապացույց էր, որ ցանկություն դեպքում մեր թիմը կարող է շատ լավ խաղալ: -Իսկ Իսպանիայում հայ ֆուտբոլիստների գիտե՞ս: -Ցավոք, ոչ: -Խաղադաշտում քո ուժեղ կողմերը որո՞նք են: -Արագությունս, հարվածիս ուժգնությունը և արագ կողմնորոշվելս: -Այլ ակումբներում կարիերադ շարունակելու ուղղությամբ մտածե՞լ ես: -Ես գերադասում եմ շարունակել կարիերաս «Սևիլիայում», այդ իսկ պատճառով այդ ուղղությամբ դեռևս չեմ մտածում: -Ֆուրման, «Սևիլիայում» մարզիչներդ գո՞հ են քո կատարած աշխատանքից: -Եթե գոհ չլինեին, մինչև հիմա «Սևիլիայում» հաստատ չէի խաղա: -«Սևիլիայի» առաջին թիմի ֆուտբոլիստների հետ ծանո՞թ ես: Նրանց հետ երբևէ մարզվե՞լ ես: -Որոշ խաղացողների հետ ծանոթ եմ, սակայն առաջին թիմում հաստատվելու համար դեռ երկար ճանապարհ պետք է անցնեմ: -Լա լիգայի խաղերին հաստատապես հետևում ես: Ի՞նչ կանխատեսումներ ունես առաջիկա մրցաշրջանի վերաբերյալ: «Սևիլիան» կկարողանա՞ պայքարել լավագույն քառյակում տեղ զբաղեցնելու համար: -Իսպանիայի առաջնությունն իրականում շատ անհետաքրքիր է դարձել: Այստեղ ակումբները ֆինանսական շատ մեծ անհավասարությունների մեջ են…Կարծում եմ, որ «Սևիլիան» առաջիկա մրցաշրջանում առաջին վեցյակում տեղ կզբաղեցնի: -Ւսկ ի՞նչ ես կարծում, առաջատար ֆուտբոլիստներից Խեսուս Նավասի և Ալվարո Նեգրեդոյի հեռանալը շատ կազդի՞ թիմի խաղի վրա: -Ըստ իս, ավելի շատ զգացվելու է Նավասի բացակայությունը: -Ֆուտբոլում քեզ համար ամենամեծ նպատակը ո՞րն է: -Նպատակս Հայաստանի ազգային հավաքականում խաղալն է, ինչպես նաև առաջին լիգայում հանդես գալը: -Ո՞ր ֆուտբոլիստի հետ կցանկանայիր խաղալ մեկ թիմում և ովքեր՞ են քեզ ոգեշնչում: -Երկու դեպքում էլ Չավի… -Հայաստանը կարոտու՞մ ես: Վերադառնալու ցանկություն ունե՞ս: -Կարոտում եմ….իսկ դուք չէի՞ք ցանկանա Հայաստանից դուրս ապրել.... Զրուցեց Գայանե Աբասյանը | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |