Вверх
Գլխավոր էջ » 2013 » Օգոստոս » 18 » Լեգենդար դարպասապահի ապագան անգամ գուշակն է կանխատեսել
18:10
Լեգենդար դարպասապահի ապագան անգամ գուշակն է կանխատեսել
Լեգենդար դարպասապահի ապագան անգամ գուշակն է կանխատեսել

Իսպանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» ավագ դարպասապահ Իկեր Կասիլյասը ծնվել է 1981թ. մայիսի 20-ին՝ Մադրիդում: Իկերի հայրը՝ Խոսե Լուկասը, դպրոցում է դասավանդել, մայրը՝ Մարի Կարմեն Ֆերնանդեսը, եղել է տնային տնտեսուհի: Խոսե Լուկասը միշտ երազել է, որ մի օր Իկերը դառնա «Ռեալի» ֆուտբոլիստ. հույսերն արդարացան.

«Գուցե տարօրինակ է, բայց որքան ինձ հիշում եմ, միշտ դուր է եկել գեղեցիկ ընկնելը: Ու եթե դրա հետ մեկտեղ ինձ հաջողվում էր հեռանցել գնդակը, ես իսկապես հաճույք էի ստանում»,- ասում է Իկերը:


   

Իկերի ֆուտբոլային կարիերայի հետ կապված նաև լեգենդ կա, ըստ որի նրա ապագան մի գուշակ է կանխատեսել: Իկերի մայրը դեռ հղի է եղել ու Բիլբաոյից Մադրիդ մեկնելիս հանդիպել մի գուշակի: Վերջինս Կարմենին ասել է, որ իր ապագա որդին հայտնի ֆուտբոլիստ է դառնալու: Տարիներ անց ֆուտբոլիստը, ծնողների մասին խոսելով, նշել է, որ իրեն ազատ են դաստիարակել ու չեն ասել՝ ինչ անի կամ չանի.

«Հազարավոր դեպքեր կարող եմ պատմել իմ 12-14 տարեկան հասակից, ծնողներս հանգիստ էին ինձ համար, վստահում էին: Ես միշտ անկախ եմ եղել ու շատ արագ մեծացել: Իմ հայտնի լինելուց ընտանիքս այնքան էլ չի փոխվել: Հիմա սակայն հայրս ստիպված չէ առավոտյան 6-ին արթնանալ ու գնալ աշխատանքի: Նա միշտ հպարտ է եղել իր աշխատանքով, հիմա թոշակի է անցել: Մայրս մեր տան ամենահանդարտ մարդն է, իսկ եղբայրս, որ 8 տարի փոքր է ինձանից, սիրում է սովորել ու ճամփորդել: Ես հպարտ եմ նրանով, նա իմ թուլությունն է…»:


Գուշակությունն իրականացավ…Արդեն 8 տարեկանից փոքրիկ Իկերը խաղում էր «Ռեալում», սովորում ակումբի դպրոցում: Նրա դեբյուտն ակումբում 1990/91 մրցաշրջանին էր: Տղայի ֆիզիկական տվյալները, հիանալի ռեակցիան տպավորվել էին մարզիչների մոտ ու 1998/99թթ. Կասիլյասը հիմնական թիմում խաղալու հրավեր ստացավ: 2001-2002 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի եզրափակչում' «Բայերի» դեմ խաղում Կասիլյասը փոխարինեց վնասվածք ստացած Սեզար Սանչեսին: Մինչև խաղի ավարտը նա մի քանի ֆանտաստիկ սեյվ արեց, որն էլ ապահովեց «Ռեալի» 2:1 հաշվով հաղթանակը: Դրանից հետո միշտ Կասիլյասն էր պաշտպանում թիմի դարպասը:

Իսպանիայի հավաքականում նրա ճանապարհը բացվեց Եվրո-2000-ի ժամանակ, երբ պահեստային դարպասապահի կարգավիճակով Իկերը մեկնեց առաջնությանը մասնակցելու: Երկու տարի անց, աշխարհի առաջնությունում նա արդեն հիմնական կազմի խաղացող էր և դարձավ Իռլանդիայի հետ խաղի հերոսը: Հաղթանակը նրանց ¼ եզրափակչի ուղեգիր տվեց:
Եվրո 2008-ում Իսպանիան իր ավագի հետ միասին կարողացավ նվաճել հաղթական գավաթը: Փառահեղ հաղթանակը հավաքականի նոր պատմության սկիզբն էր միայն: Թվում էր' սովորույթ էր դարձել…Իսպանիան հաղթեց նաև աշխարհի 2010թ. առաջնությունում: Ֆուտբոլի ու երկրի հավաքականի պատմության մեջ ռեկորդներ սահմանելով, իսպանացինեը հաղթեցին նաև Եվրո 2012-ում: Վերջին մրցաշրաում սակայն ընդատվեց նրանց հաղթարշավը: Այս ամռանը կայացած Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունում Բրազիլիան նվաճեց հաղթանակը, Կասիլյասը սակայն ոչ բոլոր խաղերին մասնակցեց:

Չենք կարող չնշել Իկերի անհատական ու թիմային մյուս ձեռքբերումների մասին: Կասիլյասը վերջին տարիներին աշխարհի լավագույն դարպասապահն է, մի քանի անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, «Ռեալի» հետ նվաճել է Իսպանիայի Սուպերգավաթը, 2 անգամ հաղթել Չեմպիոնների լիգայում, Եվրոպայի սուպերգավաթակիր է, ընդգրկվել է ՖԻՖԱ-ի աշխարհի խորհրդանշական հավաքականի կազմ, Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն է:

Իկերը նաև անհատական ռեկորդների հեղինակ է: Վերջին ու ամենաթարմ ռեկորդը հավաքականի կազմում էր' Կոնֆեդերացիաների գավաթի ժամանակ' Թայիթիի դեմ խաղում Կասիլյասը 144-րդ հանդիպումն էր անցկացնում Իսպանիայի հավաքականի կազմում: Նման ցուցանիշով «Ռեալի» ավագն արդեն առաջատար է եվրոպացի դարպասապահների շրջանում:

Վերելքներին զուգահեռ Իկեր Կասիլյասի կարիերայում նաև վայրէջքներ են եղել: Երկար տարիների ընթացքում առաջին անգամ 2012թ. դեկտեմբերի 22-ին' «Մալագայի» հետ խաղում, ֆուտբոլասերները Կասիլյասին պահեստայինների նստարանին տեսան: Գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի թեթև ձեռքով Իկեր Կասիլյասը զրկվեց թիմի հիմնական կազմում լինելու հնարավորությունից.

«Դա տեխնիկական որոշում է: Հորինեք ինչ կամենում եք, բայց սա տեխնիկական որոշում է: Մյուս դարպասապահը' Ադանն այս պահին ավելի արժանի է, քան Կասիլյասը»,-Ադանին դաշտ դուրս բերելու որոշումն այսպես մեկնաբանեց պորտուգալացի մարզիչը:

Իսկ հունվարի 23-ին' «Վալենսիայի» հետ խաղում, Կասիլյասը Ալվարո Արբելոայի հետ բախման ժամանակ վնասվածք ստացավ: Սա դարպասապահի կյանքում առաջին լուրջ վնասվածքն էր: Այստեղից էլ սկսեց ամեն բան….12 շաբաթ ապաքինվելուց հետո Իկերը կրկին դաշտում չէր: Չնայած, որ նա իրեն լավ էր զգում, թիմի խաղերին միայն պահեստայինների նստարանից էր հետևում: Տարօրինակ իրավիճակ էր…Անսովոր և՛ իր, և՛ երկրպագուների համար: Սակայն այդպիսին էր Մոուրինյոյի կամքը. դաշտում Դիեգո Լոպեսն էր, պահեստայինների նստարանին՝ լեգենդը: Կասիլյասը մոտ 6 ամիս չմասնակցեց «Ռեալի» պաշտոնական հանդիպումներին:

Սա իհարկե անհետևանք չմնաց. մամուլը, ֆուտբոլիստները, ակումբի ղեկավարները, երկրպագուներն ու ֆուտբոլային հասարակությունը չէին դադարում քարկոծել Մոուրինյոյին: Վերջինս իր մարտավարությամբ մի տեսակ թուլացրեց «Ռեալը»: Վերջին՝ 2012/13 մրցաշրջանում որևէ նվաճում չգրանցելով՝ Մոուրինյոն, անավարտ թողնելով պայմանագիրը, հեռացավ…

Անդրադառնանք նաև Կասիլյասի անձնական կյանքին: Ապագա հայրիկը, մինչև մարզական լրագրող Սառա Կարբոներոյին հանդիպելը, Միսս Իսպանիա 2003 Եվա Գոնսալեսի ընկերն էր: Նրանց սիրավեպը 4 տարի տևեց:


Սառա-Կասիլյաս զույգն ամենառոմանտիկներից ու ամենահայտնիներից է մարզաշխարհում: Աշխարհի 2010թ. առաջնության հաղթական եզրափակչից հետո նրանց համբույրն ուղիղ եթերում որոշիչ էր: Առաջնությունից հետո նրանք մեկնեցին Լոս-Անջելես՝ հանգստանալու, ապա Իկերի ծնողներին ներկայանալու. Սառան, ինչպես հետագայում պարզվեց, այնքան էլ դուր չի եկել դարպասապահի ծնողներին: Դա իհարկե ոչինչ չփոխեց, քանի որ Իկերը հայտարարեց, որ իր համար կարևորն իր սիրտն է.

«21-րդ դարում կարելի է ռոմանտիկ լինել: Ռոմանտիկան ապրում է յուրաքանչյուր մարդու հոգում: Բայց դա պետք է նաև արտահայտչամիջոց ունենա՝ մանրուքներ, ժեստեր…»,-ասել է Իկերը:

 

Լեգենդար իսպանացու մասին կարելի անվերջ խոսել, սակայն ամբողջական պատկերացում կազմելու համար, բավական է միայն նշել, որ Կասիլյասը վայելում է անգամ ամենասկզբունքային մրցակիցների սերն ու հարգանքը՝ շարունակելով պատվով կրել իր հավաքականի ու «Ռեալի» ավագի թևկապը:

Կատեգորիա: Իսպանիա | Դիտումներ: 325 | Ավելացրեց: Ադմին(ara1999) | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Artur-blog.do.am - Ժամանցային կայք
Բոլոր իրավունքները պաշտպանված են:2013/14
Դուք Մեր Կայքում եք Արդեն` Օր Շնորհակալություն Այցելության Համար:
 Ստեղծել անվճար կայք с uCoz
Ստեղծել անվճար կայք с uCoz