Կարլո Անչելոտին, կարծես, կողմնորոշվել է, թե ինչպիսի կազմով է թիմը խաղալու «Բետիսի» դեմ խաղում: Երկար ծանրութեթև անելուց հետո իտալացին որոշել է, այնուամենայնիվ, դարպասապահի դիրքում վստահել Իկեր Կասիլյասին, ով ավելի լավ տպավորություն է գործել մարզիչների վրա մարզումների ժամանակ: Աջ եզրում, չնայած Կարվախալի ցուցադրած բավականին հաջող խաղին, հանդես կգա Ալվարո Արբելոան, ով ավելի փորձառու է: Անչելոտին ցանկանում է Կարվախալին կամաց-կամաց մոտեցնել մեկնարկային կազմին: Պաշտպանության կենտրոնում ամեն ինչ ավելի պարզ է: Պեպեն, ով թեթև վնասվածք ունի, կարող է բաց թողնել խաղը, ինչի արդյունքում կխաղան Ռամոսն ու Նաչոն, իսկ եթե Պեպեն պատրաստ լինի, ապա հենց նա կխաղա Ռամոսի կողքին: Ձախ եզրում, միանշանակ, կխաղա Մարսելոն, ով շատ մեծ տպավորություն է գործել մարզիչների վրա: Եթե Կոենտրաուն մնա թիմում, ապա մրցաշրջանի ընթացքում նրա ու Մարսելոյի միջև մրցակցություն կառաջանա: Կիսապաշտպանությունում հանդես կգան Մոդրիչն ու Խեդիրան, չնայած Կազեմիրոն շատ լավ տպավորություն է գործել մարզիչների վրա: Առջևի գծում մարզիչները ոչ մի կասկած չունեն: Կրիշտիանու-Իսկո-Օզիլ տրիոն շատ լավ է դրսևորել իրեն, ու Անչելոտին մտադիր է հենց այս եռյակին դաշտ դուրս բերել, իսկ Դի Մարիան կմնա պահեստայինների նստարանին: Հարձակման կիզակետում կլինի Կարիմ Բենզեման, քանի որ ֆրանսիացուն համարժեք փոխարինող ակումբում դեռ չկա: |